Կահիրեի հիվանդանոցներից մեկում այսօր մի զինծառայող է մահացել` ցուցարարների հետ Աբբասիա շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ կրծքավանդակին հրազենային վնասվածք ստանալու հետևանքով։ Այս մասին հաղորդում է Կահիրեի շտապ օգնության բաժանմունքի ղեկավար Ահմադ Ալ-Անսարին:
Նրա տվյալներով, որը ներկայացնում է «Ալ-Ահրամ» ինտերնետ պորտալը Եգիպտոսի ՊՆ–ի մոտ տեղի ունեցած բախումներում 373 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ նաև թունավորում գազից, որը զինվորներն օգտագործել են ամբոխը ցրելու համար:
Ալ-Անսարին հաստատել է, որ վնասվածքներ ստացել են նաև մի քանի տասնյակ զինծառայողներ: «Ներկա պահին նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Կահիրեում՝ պաշտպանության նախարարության մոտ գտնվող հրապարակում ուրբաթօրյա աղոթքից հետո կրկին հավաքվել են ցուցարարները: Բողոքի ցույցը սկզբում խաղաղ բնույթ է կրել, ապա վերածվել է բախման՝ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև: Ցուցարարները բողոքում էին զինվորականների կառավարման դեմ:










































