Ընթացիկ տարվա մայիսի 24-25-ը Բուդապեշտում կայանալիք ՖԻՖԱ-ի ամենամյա վեհաժողովի ընթացքում կառաջարկվի բոլոր պաշտոնյաների համար, առանց բացառության, տարիքային սահմանափակում մտցնել` մինչև 72 տարեկան: Հազիվ թե այն քննարկվի հենց այս անգամ, քանի որ երկարատև ծրագիր է` կոչված ֆուտբոլի բարձրաստիճան շրջաններում կոռուպցիայի վերացմանը: Ֆուտբոլային կազմակերպության պաշտոնյաների այս ժողովի կարգախոսը կլինի. «Մենք դեմ ենք կաշառակերության և կոռուպցիայի ցանկացած դրսևորման»:
Այնուամենայնիվ, նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ: Օրինակ` Էթիկայի կոմիտեի գործունեության ամրապնդումը: Կոմիտեն կբաժանվի 2 մասի. մի մասը պետք է ուսումնասիրի գործերը, իսկ մյուս մասը՝ որոշումներ կայացնի:
Քվեարկության կդրվի ՖԻՖԱ-ի՝ 24 հոգուց բաղկացած գործադիր կոմիտեն 1 տեղով ընդլայնելու հարցը. այստեղ տեղ կգտնի նաև կանանց ֆուտբոլի ներկայացուցիչը:
Ավելի արմատական փոփոխությունները քննարկման կներկայացվեն, սակայն քվեարկության չեն դրվի, այդ թվում նաև՝ ՖԻՖԱ-ի նախագահության ժամկետի սահմանափակումը` 2 անգամ 4 տարով, իսկ գործադիր կոմիտեում` 2 անգամ 3 տարով:







































