Երեկ Թբիլիսիում երկաթուղու շինարարությանը նվիրված խորհրդակցության ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարարը զեկույց է ներկայացրել, ըստ որի՝ երկաթգծի թուրքական հատվածում զգալի աշխատանքներ են կատարվել:
«Թուրքական հատվածում աշխատանքների 53 տոկոսն ավարտված է: Վրացական հատվածում ավելի քիչ ծավալով աշխատանքներ են կատարվել, սակայն շատ մոտ ապագայում դրանց տեմպերը կաճեն»,- news.az-ի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Երկաթուղու գործարկման խնդիրներից է վագոնների բարձրությունը: Խնդրի լուծումը կողմերը տեսնում են թուրքական հատվածում բեռները թուրքական վագոնների մեջ բեռնաթափելու մեջ: Չնայած առկա խնդիրներին՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը կարծիք է հայտնել, որ երկաթուղին շահագործման կհանձնվի 2012-ին: