Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը նշեց, որ վերջին օրով չի ցանկանում հակաքարոզչություն անել, բայց ինքը համակարգված ծրագիր ոչ մեկի մոտ չի տեսել:
«Գուցե լավ չեմ հետևել՝ չգիտեմ: Բայց Դաշնակցությունը տարիներ շարունակ խորհրդարանում բարձրացրել է կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման հարցը: Իսկ եթե մյուս բոլոր կուսակցություններն ունեին այդ ծրագրերը, ինչո՞ւ չէին իրականացնում: Մինչդեռ մեր աշխատանքում տրամաբանականն այն է, որ ինչ մենք ասում ենք, ասել ենք նաև տարիներ առաջ»,- նշեց Ա. Շահբազյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը իրենց ծրագիրը բավականին հավակնոտ համարեց, բայց և հիմնավորված: Ապա նշեց մեկ կարևոր հանգամանք, որը ապացուցում է դրա՝ իրականանալի լինելը:
«Գլխավոր հարցն այն է, որ մենք կարևորում ենք պետության դերակատարումը: 1990-ականներին իշխանությունները որդեգրելով, այսպես ասած, լիբերալ գաղափարախոսություն՝ լիբերալիզմի, ազատ շուկայի անվան տակ մի խումբ մարդկանց ազատություն են տվել՝ անելու այն, ինչ ուզում են: Մենք, լինելուվ սոցիալիստական կուսակցություն, կարևորել ենք պետության դերը»:
Նրա խոսքով՝ Բելառուսը, Մերձբալթյան երկրները, Ռուսաստանը ունեն դինամիկ աճ և կենսագործունեություն, քանի որ կարողացան պահպանել պետության դերը:
Արտաշես Շահբազյանը խոսեց նաև իրենց կատարած քարոզարշավի մասին՝ նշելով, որ իրենք եղել են հեռավոր գյուղերում, և անգամ ամենաաղքատ գյուղերում հավաքվել է հոծ բազմություն, ովքեր, բացի իրենց զուտ առօրեական խնդիրներից, հետաքրքրված են նաև պետության խնդիրներով:
Մինչդեռ այլ քաղաքական ուժեր չեն կարողանում համոզել, հետաքրքրել մարդկանց, որպեսզի նրանք մասնակցեն քարոզարշավներին, եթե, իհարկե, չեն օգտագործում վարչական լծակները:
Նրա հավաստմամբ՝ այս քարոզարշավները յուրօրինակ սոցիոլոգիական հարցման դեր են կատարում. «Այսօր բոլոր սոցհարցումները հովանավորվում են ինչ-որ ուժերի կողմից: Պարզ երևում է, որ մարդիկ ուղղակի այլևս ցանկություն չունեն ապրելու երկրում, բայց հիմա գալիս է ինչ-որ «Գելափ» և ասում, որ բնակչությունը չի ցանկանում իշխանափոխություն»:
Անդրադառնալով ընտրություններից հետո խորհրդարանում ուժերի հնարավոր դասավորվածությանը՝ նա նշեց, որ ինքը գրեթե համոզված է, որ այս կառավարությունը չի լինի, և ընտրությունների արդյունքում կձևավորվի ավելի հետաքրքիր խորհրդարան:










































