Google որոնողական հսկայի ավանդական տարբերանշանը նկարիչ Կիտ Հարինգի ծննդյան 54-ամյա հոբելյանի առիթով վերածվել է յուրօրինակ դուդլի: Տարբերանշանի տառերի փոխարեն հայտնվել են նկարչի հայտնի գունավոր մարդուկները: Այս մասին հայտնում է 1tvnet.ru-ն:
Հարինգը ծնվել է Փենսիլվանիայում 1958 թվականին: Նկարչի կարիերան նա սկսել է նյույորքյան մետրոյի պատերը նախշազարդելով: Նրա նկարները շուտով սկսեցին մեծ ժողովրդականություն վայելել: Հարինգը երկար ժամանակ չէր համաձայնում պայմանագիր ստորագրել իր նկարները հուշանվերային արտադրանքների տեսքով օգտագործելու վերաբերյալ: Նրան մտքափոխեց իր ուսուցիչը՝ համոզելով, որ այդ կերպ նա կարող է մեծ գումարներ աշխատել: Դրանից հետո, նկարչի ստեղծագործությունները սկսեցին թողարկվել ամբողջ աշխարհում՝ բացիկների, վերնաշապիկների, անկողնային պարագաների վրա:
1990 թվականին Հարինգի մահից հետո նրա ստեղծագործությունների վաճառքից ստացված եկամուտները ուղղվեցին բարեգործությանը՝ մասնավորապես ՁԻԱՀ-ով հիվանդներին: Հենց այդ հիվանդությունից էլ մահացել էր նկարիչը:











































