ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրական գնահատեց քարոզարշավը` նշելով, որ «մարածը հետ ենք բերել, մի բան էլ ավելի»: ՀԱԿ-ն ունեցել է 39 հանդիպում, որից 3-ը, Հ. Բագրատյանի բնորոշմամբ, «պրավալային» էին, որոնցում իշխանություններին հաջողվել է ճնշել, իսկ մի քանիսը աննախադեպ էին, մասնավորապես՝ Արթիկում, Վանաձորում և այլն, նաև սյունեցիներն են ոտքի կանգնել:
Հ. Բագրատյանը ցավով նշեց, որ բանավեճ չստացվեց, որովհետև գործող ուժը չունի գրված ծրագիր, իսկ գովազդված շինարարության հետքն անգամ չկա, ճանապարհները քանդված են, չկա ստրատեգիական կառավարում, իրականացված չէ ոչ մի ծրագիր:
Ըստ նրա` 1993-1996 թթ. ընթացքում կառուցված մոտ 20 գործարան լիովին թալանված են, նույնիսկ ռազմաարդյունաբերական արտադրությունը: Նա շեշտեց, որ պետք է հրաժարվել այս իշխանությունից, ինչը համեմատեց «սառանչայի» հետ, որը ծրագրային որևէ խոստում չի տվել:
Հ. Բագրատյանի խոսքով` ՀՀԿ ղեկավարությունը բարդույթների մեջ է ընկել համագումարում հնչեցրած թվերին իր հակադարձից հետո. «Գուցե սխալվում եմ, բայց թող գային` բանավիճեին: Մայիսի 7-ից հետո թող գնան իրենց տատիկների հետ բանավիճեն»:
«Եթե փոփոխություններ չլինեն, շատ շուտով արտաքին ագրեսիայի կարժանանանք»,- ընդգծեց Հ. Բագրատյանը:
Նա հավելեց, որ ընդդիմության հետադարձ կապը ժողովրդի հետ շատ ուժեղ էր քարոզարշավի ընթացքում, և մազութի, մթի, ցրտի զրպարտանքի շարքն այս ընտրարշավով փակվեց:
«Ոչ ոք Բարգավաճի PR-ով զբաղված չի, մենք մեր թիրախը օգտագործել ենք ՀՀԿ-ի դեմ: Մենք չենք կարող 1000 ուժի դեմ պայքարել: Տնտեսության մոնոպոլիզացիայի 95%-ը ՀՀԿ-ինն է, 3-5%-ն է Ծառուկյանի ձեռքին, և հետո` Ծառուկյանը արտադրող է: 95%-ը թողած` 5%-ի դե՞մ պետք է պայքարենք: ՀԱԿ-ը որևէ ձևով ԲՀԿ-ին ֆոռա չի տվել»,- հայտարարեց Հ. Բագրատյանը` չբացառելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն լինելու է ՀԱԿ-ի հակառակորդը:










































