Հայաստանի շուրջ 25 քաղաքներում մարդիկ դատապարտված են եղել դառնալ հանրապետական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Երևանի մամուլի ակումբը ներկայացրին իրենց դիտարկումները 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացքում լրատվամիջոցների աշխատանքին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը առանձնացրեց երկու գործոն՝ միջազգային կառույցների գնահատականները և տեղեկատվական դաշտում փոփոխությունները:
«Եթե հեռուստաընկերությունները շարունակեն այնպես, ինչպես առաջ, կպարտվեն: Մենք ունեցանք շատ ավելի ճոխ արդյունք հեռուստաընկերությունների աշխատանքում, քանի որ բաց հարթակ առաջարկվեց բոլոր քաղաքական ուժերին, այլ բան է, որ նրանք պատրաստ չեղան այդ հարթակն օգտագործել»,- մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը՝ կարևորելով բաց հարթակ ունենալու հանգամանքը նաև ընտրություններից հետո: Ըստ նրա՝ միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ինչ-որ բան էապես կփոխվի: Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ շատ բարդ է. մայիսի 6-ից հետո պետք է ձայնի իրավունք տալ բոլոր շերտերին և քաղաքական ուժերին:
«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի դիտարկումներով ՝ քվեների 35 տոկոսը գնվելու է 10 000 դրամով: Իսկ այս դեպքում, նրա համոզմամբ, մանիպուլյացիաներ հնարավոր է անել: Նա նշեց, որ շարքային ընտրողը տարիներ շարունակ աղքատության է հասցված. այսօր Գյումրիում աղքատությունը բարձր տոկոս է կազմում:
«Ասում են, որ պետք է պատժվեն և ընտրակաշառք վերցնողը, և բաժանողը, բայց ի՞նչ մղումներով պետք է այդ մարդն այդքան ինտելեկտ դրսևորի և գումար չվերցնի: Իշխանությունն է ստանձնել երկրում օրինականությունը պահպանելու գործառույթը, պետք չէ երկու կողմերին նույն ծանրությամբ պատժել»,- նման տեսակետ հայտնեց Լևոն Բարսեղյանը: Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց մի քանի հանգամանքների վրա՝ ասելով, որ մեկուկես տարի առաջ առաջարկել էին կրթական ոլորտը զերծ պահել ընտրական գործընթացներից, որպեսզի դպրոցներում որևէ մեկը չներքաշվեր ընտրական գործընթացներին, աշակերտները չտարվեին հանդիպումների, սակայն, նրա փաստմամբ, այդ առաջարկը մերժվեց՝ պատճառաբանելով, որ դա իրավունքների խախտում է:
«Հիմա մեկուկես ամիս առաջ Հայաստանի 25 քաղաքների 600 դպրոցների մեծ մասում իրականացրած մեր հետազոտությամբ պարզվել է, որ դպրոցների տնօրենները, ուսուցիչները հանրապետական են, որոնք վերջին տասն ամիսներին էին դարձել այդ կուսակցության անդամ։ Մարդիկ դատապարտված են դառնալ հանրապետական: Աբովյանում ինձ մի տնօրեն ասաց, որ ԲՀԿ անդամ է, իսկ մնացածին զանգահարել չարժե»,- մանրամասնեց Լևոն Բարսեղյանը:









































