Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին առաջարկել է «Եվրո-2012»-ն անցկացնել Իսպանիայում:
Այդ հայտարարությամբ Վիլյարը հանդես է եկել Ուկրաինայում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո:
Հարկ է նշել, որ Գերմանիայի իշխանությունները, կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, քննադատել են Ուկրաինային՝ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մերկելը նույնիսկ պատրաստվում է բոյկոտել մեծ ֆուտբոլային միջոցառումը և չգնալ Ուկրաինա:
«Եթե իրավիճակն ավելի շիկանա և վտանգավոր դառնա, մենք ստիպված կլինենք կասեցնել մրցաշարը և 1 տարով հետաձգել այն: Ուրիշ հնարավորություն չկա»,- հայտարարել են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով տուժել է մոտ 30 մարդ:


































