Թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են.- 1in.am), թե՛ Հայաստանը համարում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ, միջազգային հանրության մանդատն ունեցող կառույցը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և բանակցությունները պետք է ընթանան այդ ձևաչափով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է, որ այսօրվանից մեկ ամիս ժամկետով ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունն ստանձնած Ադրբեջանը փորձի այդ ընթացքում ԼՂ հակամարտության՝ իրեն ձեռնտու բանաձև հեղինակել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօրվանից՝ մայիսի 1-ից սկսած՝ մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը:
Մայիսին ՄԱԿ ԱԽ-ի հիմնական քննարկման առարկաներն են հանդիսանալու Մերձավոր Արևելքում առկա իրավիճակն ու միջուկային զենքի չտարածման հարցը: Ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև Բալկանների հարցը:
Ակնկալվում է, որ մայիսին անցկացվելու է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բարձր մակարդակի բաց նիստ, որին մասնակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:








































