Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2012 թվականի սկզբին համագործակցության պայմանագիր է ստորագրել գերմանական Adidas ընկերության հետ, ըստ այդմ ենթադրվում էր, որ մեր ընտրանին Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Կանադայի և Սերբիայի ազգային հավաքականների հետ կայացած խաղերին կմասնակցեր հանրահայտ ընկերության արտադրած մարզահագուստով, սակայն կազմակերպությունը տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացավ ներկայացնել հանդերձանքը:
Մայիսի 31-ին Ավստրիայում Հունաստանի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում նշել է.
«Սիրելի’ ֆուտբոլասերներ, մեր ազգային հավաքականն այս առաջիկա ընկերական խաղերում հանդես է գալու «Ադիդաս» մարզաշապիկներով, և ես գտնում եմ ճիշտ, որ ավելի լավ կլինի մարզաշապիկը տեսնեք ֆուտբոլիստների հագին, քան իմ կամ որևէ մեկի ցուցադրմամբ: Եվ խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք այդ մարզաշապիկի թեմայից»:







































