Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային նավատորմը մտադիր է ակտիվորեն ներկա գտնվել միջազգային ջրերում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլա Սայարին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությամբ իրանական ռազմանավերը գտնվում են Հնդկական օվկիանոսում, Ադենի ծոցում, Կարմիր ու Միջերկրական ծովերում, Հորմուզի նեղուցում. «Իրանական նավատորմը ռազմավարական ուժ է և պետք է ներկա գտնվի միջազգային ջրերում:
Սակայն դա չի նշանակում, որ մենք պլանավորել ենք խախտել այլ երկրների ծովային սահմանները կամ ոտնձգություն կատարել մյուսների շահերի նկատմամբ: Իրանը բավականաչափ հնարավորություններ ունի իր նավերը միջազգային ջրեր ուղարկելու համար»:
Նշվում է, որ այս տարի Իրանն ավելացրել է Հնդկական օվկիանոսում գտնվող իր ռազմանավերի քանակը, իսկ նախորդ տարվա փետրվարին իրանական երկու ռազմանավեր պարեկություն կատարելու համար հայտնվել էին Միջերկրական ծովում:







































