ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Սուդանի և Հարավային Սուդանի առաջնորդներին՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը վիճելի Հեգլիգ շրջանի համար: ԱՄՆ նախագահի ուղերձը հրապարակվել է Youtube-ում:
«Սուդանի իշխանությունները պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, մասնավորապես՝ հարավսուդանական տարածքների ռմբակոծումը: Համանման կերպով Սուդանի իշխանությունները պետք է դադարեցնեն աջակցել Սուդանի ներքին զինված խմբավորումներին»,- ասվում է նախագահի տեսաուղերձում:
Երկու երկրների միջև հակասությունները սրվեցին 10 օր առաջ, երբ Հարավային Սուդանն օկուպացրեց Հեգլիգի շրջանը: Միաժամանակ, վերլուծաբանների կարծիքով` Հարավային Սուդանը հարձակվելու համար պետք է հզոր դաշնակից ունենար: Երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հարձակումից հետո զանգահարել է Հարավային Սուդանի նախագահին և խնդրել դադարեցնել այն, կոպիտ պատասխան է ստացել. «Ես Ձեր ենթական չեմ, որ կատարեմ Ձեր հրամանները»:
Ըստ փորձագետների` նման պահվածքը պայմանավորված է նրանով, որ նա վստահ է ԱՄՆ աջակցությանը: Հենց ամերիկացիներն են համարվում Հարավային Սուդանի անկախության գլխավոր ճարտարապետները:










































