Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:Այս մասին ,Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի ԲԿԳ Գործողությունների ծրագիրը, որը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Աշոտ Հովակիմյանը կենտրոնացել է Ծրագրի հիմնական դրույթների, ԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրա: Նա նաև խոսել է Ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասին, հատուկ շեշտելով պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նման համագործակցության կարևորությանն իր խոսքում անդրադարձել է նաև Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը:
Նստաշրջանի ավարտին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանել է ներկաների հարցերին, մասնակցել ԲԿԳ նախաձեռնությանը հարավկովկասյան պետությունների անդամակցության մասին մտքերի և տեսակետների փոխանակմանը:










































