ԱՄՆ-ում հայտարարվել է ազգային վիճակախաղում հաղթած երեք մասնակիցներից վերջին հաղթողի անունը: Վիճակախաղի ջեք փոթը կազմել էր ռեկորդային` 656 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Ինչպես հայտարարել են վիճակախաղի պաշտոնական ներկայացուցիչները, երջանիկները Մերլ և Պատրիսիա Բատլեր ամուսնական զույգն է` թոշակառուներ Ռեդ քաղաքից (Իլինոյիս նահանգ):
Չորեքշաբթի նրանք ներկայացել են վիճակախաղի գրասենյակ, որպեսզի ստանան ջեքփոթի իրենց մասնաբաժինը` 158 մլն դոլարը: Հարկերը հանելուց հետո գումարը կազմել է 110 մլն դոլար:
Բատլերները որոշել են ոչ թե 26 տարվա ընթացքում, այլ միանգամից ստանալ գումարը: Մաս-մաս ստանալու դեպքում գումարը կլիներ զգալիորեն ավելի շատ` շուրջ 218 մլն դոլար (154 մլն դոլար հարկերը հանելուց հետո):
Ավելի քան 41 տարվա ամուսինները վիճակախաղի երջանիկ տոմսը գնել էին 3 դոլարով մարտի 30-ին:
Հենց այդ օրը վիճակախաղի ջեքփոթը հասավ 640 մլն դոլարի:
Մերլն ամբողջ կյանքում աշխատել է որպես ապահովագրական գործակալ, իսկ 62-ամյա Պատրիսիան մի քանի մասնագիտություններ է փոխել, մինչև 5 տարի առաջ թոշակի է գնացել:
Ավելի վաղ «Մեգա Միլիոնի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ գնվել է 3 հաղթող տոմս: Բատլերները միակն էին, ովքեր ցանկացան հրապարակել իրենց անունը:










































