Ժառանգության և Ազատ դեմոկրատների միջև որևէ հակասություն չկա: Ի պատասխան այսօր լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե միասնական շտաբի աշխատանքների հարցում երկու կուսակցությունների անդամների միջև հակասություններ կան, «Առաջին լրատվական»-ին ասաց «Ժառանգության» նախընտրական շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր անդրադառնալով «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե իրենք այլևս չեն մասնակցելու այս նախաձեռնությանը, ասել էր, որ երեկ ինքն է անձամբ խոսել Խաչատուր Քոքոբելյանի և Ազատ դեմոկրատներից Ալեքսանդր Արզումանյանի հետ, որոնք վստահեցրել են, որ վերոնշյալը միայն Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքն է։
Հ. Խուրշուդյանը հերքեց, որ Ալեքսանդր Արզումանյանն այս առնչությամբ Հմայակ Հովհաննիսյանին որևէ տեսակետ է փոխանցել. «Մեկ շաբաթ առաջ «Ժառանգությունը» և Ժառանգության նախընտրական շտաբը տարածեց հայտարարություն, որտեղ հստակ տրվել են պատասխաններ, թե ինչ պայմաններում է հնարավոր «Ժառանգության» մասնակցությունը վերահսկողական շտաբի աշխատանքներին: Այսօր «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և շտաբի խորհրդականն այդ հայտարարության շրջանակներում համապատասխան մեկնաբանություններ տվել են և ասել, որ այս պայմաններում, երբ որ մեր առաջարկներն ընդունված չեն, «Ժառանգության» մասնակցությունն այդ շտաբին հնարավոր չէ: Նախաստորագրությունը դնելուց հատուկ նշվել է, որ առաջին դեմքերով դա պետք է ստորագրվի, քանի որ այդ փաստաթուղթը հակասում է կոալիցիոն փաստաթղթին, և մենք պետք է իմանանք` այդ փաստաթուղթը ստորագրողները ո՞ր փաստաթուղթն են ավելի առաջնային համարում, երկրորդ՝ այնտեղ պետք է նշվի, որ կեղծ բարեգործությունները պետք է ևս քննարկման կետ դառնան և խստորեն դատապարտվեն և անթույլատրելի համարվեն շտաբի բոլոր անդամների կողմից: Վերջիվերջո, հնարավոր չէ, որ այդ շտաբի նախաձեռնության ներքո ստորագրողները մի ձեռքով ստորագրեն, մյուս ձեռքով խախտեն հենց այդ նախաձեռնության մեջ առկա բոլոր դրույթները»:
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Գոհար Վեզիրյանն այսօր հայտարարել էր, թե «Ժառանգությունը» ՕԵԿ ճանապարհով է գնում: «Մի քաղաքական ուժ, որը հայտարարում է, թե կոալիցիայի հետ գնալու է համագործակցության, որը թաքուն հավաքվում է և որոշում, որ քարոզարշավների ընթացքում չեն «քլնգելու» իշխող Հանրապետական կուսակցությանը, կներեք, այդ քաղաքական ուժը չեմ կարող համարել ընդդիմություն»: «Ժառանգության» նախընտրական շտաբի մամլո խոսնակը չցանկացավ մեկնաբանել Գ. Վեզիրյանի, իր խոսքով՝ անհեթեթ, զրպարտիչ հայտարարությունները:
Ինչ վերաբերում է ՀՀԿ հետ հնարավոր համագործակցությանը, Հ. Խուրշուդյանն ասաց. «Համագործակցություն պետական խնդիրների շուրջ բոլորի հետ էլ կարող է լինել, ոչ մեկը մեր թշնամին չէ այս երկրում` ո՛չ կոալիցիոն, ո՛չ էլ ընդդիմադիր ուժերը: Այնպես որ, համագործակցություն ցանկացած հարցի շուրջ կարող է լինել»:











































