Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Պիեռ Լելուշը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ պարզվել է, որ նրա տնային աշխատողն անօրինական ներգաղթյալ է: Այս մասին գրում է The Times պարբերականը:
Բացի այդ` նախարարին մեղադրել են այն բանի մեջ, որ նա վճարել է Մավրիկա կղզու մի կնոջ, որպեսզի խուսափի հարկերի վճարումներից ու կենսաթոշակային հիմնադրամ ներդրումներից:
Լելուշը, որը համարվում է Նիկոլա Սարկոզիի մերձավոր համախոհներից մեկը, արդեն հայտարարել է, որ տնային տնտեսուհին իրեն գցել է մոլորության մեջ` ասելով, թե իր բոլոր փաստաթղթերը կարգին են: Բացի այդ` նա հերքել է գիտակցաբար հարկերից խուսափելու մեղադրանքները:
Այդուհանդերձ, քաղաքական ընդդիմախոսներն արդեն մեղադրել են ֆրանսիական նախագահի թիմին կեղծավորության ու օրենքները ոտնահարելու մեջ:
Սոցիալիստների շտաբը` Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, Սարկոզիի թիմին մեղադրել է «հարուստ ու վուլգար» էլիտային ծառայելու մեջ` ի հեճուկ հասարակ մարդկանց:
Ազգային ճակատը` Մարին Լե Պենի գլխավորությամբ, նախարարին կոչ է արել հրաժարական տալ:








































