Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների պնդման, թե ֆուտբոլիստը մոտ ապագայում եվրոպական այլ գրանդ ակումբ է տեղափոխվելու, հայտնել է, որ չի ցանկանում լքել «Լիվերպուլ»-ը:
«Ոչ մի տեղ չեմ տեղափոխվի և կմնամ «Լիվերպուլ»-ում: Ես ակումբի հետ կնքած պայմանագրով դեռ 4 տարի կարող եմ հանդես գալ այստեղ և չեմ պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ: Ես երջանիկ եմ այստեղ և հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում է», – The Sun պարբերականին հայտնել է ֆուտբոլիստը:
Այնուհետև Սուարեսը պատասխանել է Պատրիս Էվրայի հետ կատարված միջադեպի մասին հարցին, որի ժամանակ ֆուտբոլիստը ռասիստական վիրավորանք էր հասցրել Էվրային:
«Ես այդ դրվագից առաջ եմ անցել: Կարևորը, որ այդ պահին շատ մարդիկ ինձ աջակցեցին: Պետք չէ անընդհատ հիշել այդ դրվագը, ամեն ինչ անցյալում է»:









































