ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե անիմաստ է իշխող կոալիցիայից դուրս գալը, եթե մայիսի 6-ից կոալիցիան, այսպես թե այնպես, դադարում է գոյություն ունենալուց: Թվում է, որ տրամաբանական հակափաստարկ է: Բայց խնդիրն այստեղ փոքր-ինչ այլ է, քան քաղաքական կոալիցիան:
Խնդիրը այդ կոալիցիայի շրջանակում 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված հուշագիրն է, որով կան մայիսի 6-ից այն կողմ գնացող թիրախներ: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստորագրել է մի փաստաթուղթ, որով պարտավորվում է գալիք նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: Իսկ գալիք նախագահական ընտրությունները մայիսի 6-ից հետո են: Եվ միևնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարել, թե փետրվարի 17-ի այդ հայտնի կոալիցիոն հուշագիրը չեղյալ է համարվում, կամ ինքը հետ է կանչում իր ստորագրությունն այդ հուշագրից:
Այդ պայմաններում առնվազն անհասկանալի են դառնում Գագիկ Ծառուկյանի հայտարարություններն այն մասին, որ կոալիցիան խորհրդարանի ընտրությունից խորհրդարանի ընտրություն է լինում, և մայիսի 6-ից համարվում է, այսպես ասած, գոյություն չունեցող: Իսկ կոալիցիոն հուշագի՞րը: Մի՞թե դա էլ գոյություն չունի այլևս: Իսկ եթե չունի՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն և նրա առաջնորդը չեն հայտարարում դրա մասին, չեն ասում, որ այլևս ուժ չունի այդ հուշագիրը, և իրենք գալիք նախագահական ընտրություններին գործող նախագահին չէ, որ սատարելու են: Երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրում էր կոալիցիան հուշագիրը, արդյոք չէ՞ր հիշում, որ կա կոալիցիոն ժամկետ մինչև մայիսի 6-ը, և չարժե դրանից հետո տեղի ունենալիք իրադարձության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել դրանից առաջ:
Այդ ամենը հուշում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական առումով անպատասխանատու քաղաքական ուժ է և հրապարակային տեսանկյունից մասնագիտացած է ընդամենը բարեգործությունների վրա, իսկ քաղաքական մասը ստվերում է, կամ քաղաքականությունը պատկերացնում է որպես ստվերային զբաղմունք, որտեղ կարելի է չեղյալ համարել կամ ընդունել ամեն ինչ՝ առանց դրա համար հրապարակային պատասխանատվության մշտական ռեժիմի: Շատերը նման իրավիճակում հարց են բարձրացնում, թե ինչու է ԲՀԿ տեսակն ու որակը դառնում այդքան կարևոր, երբ երկրում բացարձակ մեծամասնություն է ՀՀԿ-ն և ՀՀԿ-ն է տնօրինում ամեն ինչ:
Իհարկե, ՀՀԿ-ն է ամեն ինչի հիմնական պատասխանատուն, սակայն խնդիրն այստեղ այն է, որ «Բարգավաճ Հայաստանն» էլ դառնում է կամ արդեն իսկ դարձել է ՀՀԿ հիմնական այլընտրանքը ներկայիս ընտրական գործընթացում, և ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ավելի ու ավելի մեծ հավակնություններով է հանդես գալիս այդ գործընթացում: Եվ այդ պարագայում, երբ օրակարգից դուրս է գալիս ԲՀԿ քաղաքական պատասխանատվության, քայլերի, դրանց որակի և հիմքի համար պատասխանատվության հարցը, բացվում է իշխանության երկու այդ ուժերի համար մանիպուլյացիոն մի մեծ դաշտ, որտեղ արդեն հնարավոր կոմբինացիաներն ու ելքերը դառնում են երկրորդական, որովհետև, վերջին հաշվով, քաղաքականությունը մաթեմատիկա չէ, որտեղ երկու բացասականների արտադրյալը ստացվի դրական:








































