Ռազմական դիտորդների առաջին խումբը, որը ՄԱԿ ԱԽ–ի կողմից լիազորված է զեկուցել Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմի մասին, իր աշխատանքը պետք է սկսի երկուշաբթի օրը: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այդ մասին հաղորդել է Սիրիայում ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի օգնական Ահմեդ Ֆաուզին։
«Վեց դիտորդներից բաղկացած առաջին խումբը Սիրիա կժամանի կիրակի երեկոյան և արդեն երկուշաբթի օրը կսկսի աշխատանքը: Դիտորդների թիվը մոտ ապագայում կավելանա մինչև 25-30 մարդ»,- ասել է Ֆաուզին:
Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ–ն լիազորել է Սիրիա ուղարկել մինչև 30 անզեն ռազմական դիտորդների առաջին խումբը` նրանց լիազորելով «կապ և փոխհամագործակցություն հաստատել կողմերի միջև և սկսել զեկուցել հրադադարի իրականացման մասին»:










































