Եվրախորհրդարանում անդամների թվով երրորդ՝ «Եվրոպացի լիբերալների և դեմոկրատների դաշինք» (ALDE) խմբավորման առաջնորդ Գի Վերխոֆստադտը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել ԵՄ գործընկերների հետ՝ Սիրիայում միջազգային ռազմա-մարդասիրական գործողություններ անցկացնելու հարցով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ALDE-ի մամուլի ծառայությանը:
«Բարոնուհի Էշթոնն այժմ պետք է շտապ հանդիպումներ անցկացնի իր միջազգային գործընկերների հետ՝ օգնելու համար Սիրիայի քաղաքացիական փախստականներին զինվորականների հսկողության տակ մարդասիրական միջանցք բացելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վերխոֆստադտը կոչ է արել Էշթոնին գալիք շաբաթ Եվրախորհրդարանին ներկայացնել «Սիրիայի քաղաքացիական անձանց մարդասիրական պաշտպանությունն արդյունավետ կերպով կազմակերպելու ամբողջական ծրագիր»:
Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մենը երեքշաբթի օրը հայտնել էր, որ ԵՄ-ն առայժմ չի պատրաստվում Սիրիայում զինվորականների մասնակցությամբ որևէ գործողություն իրականացնել:
Ավելի վաղ Բելգիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Սիրիա «մարդասիրական ներխուժումը անհրաժեշտ է, և այն պետք է ենթադրի ռազմական ներկայություն»:
Հիշեցնենք. այսօր առավոտան ուժի մեջ է մտել Սիրիայում կրակը դադարեցնելու ռեժիմը, որը նախատեսված էր ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով: Սիրիայից եկող տեղեկությունների համաձայն՝ կառավարական զորքերը և ռազմական տեխնիկան շարունակում են մնալ քաղաքներում, սակայն երկու կողմերն էլ հետևում են զինադադարի ռեժիմին:






































