«Աժ գործող պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) Երևանի թիվ 11 ԸՏ-ում Աժ պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից և ընտրվելու դեպքում կլինի ԲՀԿ խմբակցության անդամ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ներկայումս, այսինքն` չորրորդ գումարման Ազգային ժողովում, Մարգարյանը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ է. այսինքն` որպես պատգամավորի թեկնածու ներկայացնում է ԲՀԿ-ն, որպես պատգամավոր` ՀՀԿ-ն: Բայց սա պարոն Մարգարյանի բազմաբովանդակ քաղաքական կենսագրության մի հատվածն է միայն:
Խնդիրն այն է, որ երրորդ գումարման Ազգային ժողովում (2003-2007թթ.) նա եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, որը լքել է իշխանությունների կողմից Արթուր Բաղդասարյանին «հալածելու» շրջանում:
Եվ քանի որ Գրիգորի Մարգարյանը ընթացիկ ընտրարշավի կարգախոս է ընտրել «Գործը շարունակելու պատրաստակամությամբ»-ը, ենթադրվում է, որ նա նպատակ է դրել առաջիկա քաղաքական կարիերայի ընթացքում հասցնել լինել նաև ՀՅ դաշնակցության, «Ժառանգության» և, իհարկե, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ»: