ԱՄՆ արդարադատության նախարարությունը Apple-ին և հինգ խոշոր հրատարակչական տների մեղադրել է էլեկտրոնային գրքերի գների սահմանման հարցում դավադրության մեջ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Համապատասխան հայց է ներկայացվել Նյու Յորքի շրջանային դատարան:
Գերատեսչությունը հավաստիացնում է, որ գրքերի վաճառքի, այսպես կոչված, «գործակալային մոդելը», որն իրականացնում է Apple-ը, խոչընդոտում է մրցակցության ազատությանը: «Գործակալային մոդելը» ենթադրվում է, որ գրքերի մանրածախ գները սահամանում են հենց հրատարակչությունները: Apple-ն իր ինտերնետ–խանութներում գրքերն իրացնում է այդ գներով և իրեն է վերցնում 30 %-ը:
«Գործակալային մոդելին» ԱՄՆ արդարադատության նախարարությունը հակադրում է «մեծածախ մոդելը», որի պարագայում հրատարակչությունն է սահմանում գրքի մեծածախ գինը, իսկ մանրածախ գինը սահմանում է վաճառողը:
Արդարադատության նախարարությունը, բացի Apple–ից, հայց է ներկայացրել Penguin, Macmillan, Simon & Schuster, Hachette և HarperCollins հրատարակչական տների դեմ:
Bloomberg-ի տվյալներով՝ վերջին երեքը կոնֆլիկտը գերատեսչության հետ լուծել են մինչ դատական գործընթացը:
Apple-ն iBooks ծառայության միջոցով իրացնում է էլեկտրոնային գրքեր՝ իր սարքավորումների վրա կարդալու համար: 2012 թ. հունվարին ընկերությունը թարմացրել է խանութը` ներառելով ուսումնական ձեռնարկներ:







































