Նյու Յորքում դատում են մի կնոջ, ով ձևացրել է, թե քաղցկեղով հիվանդ է, որպեսզի գումար հավաքի իր հարսանիքի համար: Այժմ նրան մեղադրում են խարդախության մեջ: Կինը ձերբակալված է, նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
2010 թվականի մայիսին հարսանիքի նախօրեին Ջեսիկա Վեգան վստահեցնում էր, որ իրեն մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս, և ինքը ցանկանում է իրականացնել իր վաղեմի ցանկությունը` կազմակերպելով «իր երազանքների հարսանիքը»:
Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը դատավարության ժամանակ հայտարարել է, որ երիտասարդ կինը ստացել է հազարավոր դոլարներ, ինչը ծախսել է հարսանիքի և մեղրամիսի վրա, որն անցկացրել է Կարիբյան ծովի Արուբա կղզում:
Ավելի ուշ պարզվել է, որ 25-ամյա Վեգան ստել է իր առողջական վիճակի մասին: Տեղական Times Herald-Record թերթը հաղորդել է, որ նրա ամուսինն այդ մասին պատմել է ամուսնությունից չորս ամիս անց` կնոջը մեղադրելով կեղծիքի մեջ: Արդյունքում նրանք ամուսնալուծվել են, սակայն ամուսնուն որևէ մեղադրանք չի առաջադրվել: Orange County, New York թերթը նշում է, որ զույգը կրկին միավորվել է:
Ստախոս հարսնացուն անցած շաբաթ կանգնել է դատարանի առջև և իրեն մեղավոր չի ճանաչել:









































