Անդրե Վիլլաշ-Բոաշի հեռացումից հետո «Չելսի»-ի նախագահ Ռոման Աբրամովիչը իր թիմի համար նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ըստ Daily Telegraph-ի` առաջնային է համարվում Խոսեպ Գվարդիոլայի թեկնածությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի մասնագետը կնախընտրի մնալ հաջողակ «Բարսելոնա»-ում և չի տեղափոխվի ճգնաժամում գտնվող «Չելսի»:
Երկրորդ թեկնածուն Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Ժոզե Մոուրինյոն է, և չնայած պորտուգալացու ու Աբրամովիչի լավ հարաբերություններին, անգլիական պարբերականը խորհուրդ է տալիս չմոռանալ նրանց միջև 2007 թվականին ծագած տարաձայնությունների մասին:
Իսկ Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորող Լորան Բլանի գործակալներն իրենք են իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել անգլիական ակումբի ղեկավարությանը: Նշենք նաև, որ վերջերս Աբրամովիչը բանակցություններ է վարել «Մարսել»-ի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշանի հետ:










































