Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ ազգային առաջնության 32-րդ տուրում «Վալենսիա»-ի հետ սեփական հարկի տակ կայացած հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի փոխարեն մամուլի ասուլիսին ներկայացել է նրա օգնական Աիտոր Կարանկան: Նա նշել է, որ մարզչական շտաբը գոհ է հանդիպման ընթացքում իրենց ֆուտբոլիստների ցուցադրած խաղից:
«Տղաները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Երկրպագուներն էլ մինչև վերջին վայրկյաններն աջակցում և ոգևորում էին նրանց: Չեմ ցանկանում խոսել մրցավար Կլոս Գոմեսի գործողությունների մասին: Կասեմ միայն, որ նրա սխալներին ականատես է ամբողջ աշխարհը:
Պետք է սևեռենք մեր ուշադրությունը առաջիկա հանդիպման վրա, քանի որ մոտակա մրցակիցը զիջում է 4 միավորով: Այժմ շատ կարևոր է մեր տղաների միասնականությունը: Կպայքարենք այնքան ժամանակ, որքան մեզ թույլ կտան»,- հայտարարել է Կարանկան:
«Վալենսիա»- ի հետ «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում անցկացրած խաղում, չնայած ակնհայտ առավելությանը, մադրիդցիներին այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը: Այն ավարտվեց 0:0 հաշվով, և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնա»-ի նկատմամբ «Ռեալ»-ի ունեցած միավորների առավելությունը հասավ 4-ի:










































