Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը հայտնել է, որ «Մալագա»-ի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը չի ընդգրկվի այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կմասնակցեն «Եվրո-2012»-ին:
«Ես ցանկանում էի այդ մասին Ռուդին հայտնել նախապես: Նրա կարգի ֆուտբոլիստներին պետք չէ այդ լուրը հայտնել մայիսին: Մենք ունեինք պայմանավորվածություն, ըստ որի` նա մասնակցելու էր «Եվրո-2012»-ին, սակայն ես զանգեցի նրան և հայտնեցի, որ չեմ պատրաստվում նրան ընդգրկել այդ ցուցակում», – ասել է Մարվեյկը:
«Մարզիչը զանգահարեց ինձ և հայտնեց իր որոշման մասին: Անկեղծ կլինեմ. ես սպասում էի այդ զանգին: Վան Մարվեյկը միշտ լավ է վերաբերվել ինձ, սակայն այժմ դրանից կարևոր բաներ կան», – Նիստելրոյի խոսքերը մեջբերել է Marca հանդեսը:
Հիշեցնենք, որ Ռուդ վան Նիստելրոյը Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում և դարձել 35 գոլի հեղինակ:









































