Հարավային Կորեան վերահսկելիս է եղել Հյուսիսային Կորեայի 3-4 սուզանավերի, սակայն Հյուսիսային Կորեայի արևելյան երկու բազաներից դուրս գալուց հետո դրանք անհետացել են տեսադաշտից: Ինչպես հաղորդում է The Dong-A Ilbo թերթը՝ վկայակոչելով Սեուլի ռազմական աղբյուրին, այս պահին Հյուսիսային Կորեան ստորջրյա ուժերի զորավարժություններ է անցկացնում, որի նպատակներից մեկն էլ կարող է լինել սադրանքը:
Այս պահին Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը պատրաստվում են պատախանել հյուսիսկորեական սուզանավերի կողմից Հարավի ռազմածովային բազայի և նավերի վրա հնարավոր հարձակմանը: Պարբերականը գրում է, որ ավելի վաղ Փխենյանը բազմիցս խոստացել էր նմանօրինակ գործողություններ անցկացնել Հարավային Կորեայի դեմ 2012 թ. ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, Սեուլի գնահատականներով՝ Փխենյանը պատրաստվում է հանկարծակի հարված հասցնել իրեն՝ հաշվի առնելով, որ Հարավային Կորեայի հիմնական ուժերն այժմ կենտրոնացած են ապառազմականացված գոտում:
Հարկ է նշել, որ հյուսիսկորեական նավերի տեղաշարժին հետևող Հարավային Կորեան առաջին անգամ չէ, որ տեսադաշտից կորցնում է դրանք: 2010 թ. մայիսին Հարավային Կորեան հայտարարեց, որ իր ռադարներից անհետացել են 4 հյուսիսկորեական սուզանավեր: Ուշագրավ է, որ հյուսիսկորեական սուզանավերն անհետացել են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են հականավային համատեղ զորավարժություններ անցկացնել:










































