Լիբիայի նոր իշխանությունները չեն կարողացել բավարար չափով ապացույցներ հավաքել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ Ալ-Իսլամի դեմ՝ բռնաբարությունների և սպանությունների մեջ մեղադրանք ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Human Rights Watch-ում Լիբիայի ներկայացուցիչ Քենեթ Ռոթի հայտարարությունը: Արդյունքում Սեյֆ Ալ-Իսլամի դեմ միայն երկու մեղադրանք է ներկայացվել. Լիբիա անօրինական ուղտեր ներկրելու և ձկնաբուծական տնտեսության օրենքները խախտելու համար:
Իրավապաշտպանների կարծիքով՝ Սեյֆ Ալ-Իսալմին պետք է հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին, որը կարող է հավուր պատշաճի զբաղվել այդ գործով:
Մյուս կողմից, Լիբիայի իշխանությունները մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ աշխարհազորային ջոկատների հետ, որոնք հրաժարվում են հանձնել Սեյֆ Ալ-Իսլամին և չեն ընդունում երկրի սահմաններից դուրս նրան դատելու տարբերակը:
Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Սեյֆ Ալ- Իսլամը չի մասնակցել ռազմական գործողություններին, չի գլխավորել զինվորական ստորաբաժանումներ, այլ եղել է միայն «վարչակարգի դեմքը»՝ հաճախակի երևացել է հեռուստաեթերում, հարցազրույցներ է տվել, մամուլի ասուլիսներ է անցկացրել երկրի ղեկավարության անունից:
Միջազգային քրեական դատարանը Լիբիայի քաղաքացիական պատերազմի սկզբում նրան ձերբակալլու կարգադրություն էր արել: Նա մեղադրվում էր ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ:
Նշենք, որ Հաագայի դատարանը իր 10 տարվա գործունեության ընթացքում դատել է միայն մեկ մարդու՝ կոնգոյական դաշտային հրամանատար Թոմ Լուբանգո Դյիլոյին:









































