Պարզվում է՝ Հայաստանի մարզկենտրոններից ամենաաղքատն ու չապահովվածը Կոտայքինն է: Հիմա բացատրեմ, թե ինչու:
Անցած տարի ՀՀ կառավարության արտագնա նիստերն անցկացվել են տվյալ մարզերի մարզկենտրոններում` Արագածոտնի մարզինը` Աշտարակում, Արարատի մարզինը` Արտաշատում, Վայոց ձորինը՝ Եղեգնաձորում, և այլն:
Այս տարի կառավարության մարտի 29-ի նիստը նախապես հայտարարվել էր, որ անցկացվելու է Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում, սակայն որոշումը փոխվել էր, և նիստն անցկացվեց ոչ թե մարզկենտրոնում, այլ Հայաստանի ամենաթանկ հյուրանոցային համալիրներից մեկում՝ «Աղվերան»-ում: Ընդ որում՝ նիստից հետո մասնակիցներին սպասում էին ճոխ սեղանները:
Ինչո՞ւ որոշվեց կառավարության նիստն անցկացնել հենց այդ հյուրանոցում, ո՞վ և ի՞նչ միջոցներով հոգաց ողջ ծախսը: «Առաջին լրատվական»-ի այս հարցադրումներին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր պատասխանեցին. «Մարզպետարանում համապատասխան կահավորանք և հարմարություններ չկան և, հաշվի առնելով տարվա այս ժամանակահատվածում մարզի հանգստյան գոտիների թերբեռնվածությունը, արտագնա նիստը կազմակերպվել է Արզական համայնքում գտնվող «Աղվերան» հյուրանոցում», որի դահլիճը տրամադրվել է «անհատույց՝ ժամը 10:00-12:30-ն ընկած ժամանակահատվածում»:
Ընդ որում, ինչպես հայտնեցին վարչությունից, արտագնա նիստի ավարտին կազմակերպված ընդմիջմանը մասնակցել է 110 մարդ, որի համար ծախսվել է 760 հզ. դրամ, իսկ ֆինանսավորումն իրականացվել է Կոտայքի մարզի «Կոտայք» հիմնադրամի միջոցներից, որոնք էլ ձևավորվում են «տարբեր բարերարների կողմից կատարված ներդրումներով»:
Հավելեմ միայն, որ նույն մարտի 29-ի նիստի ընթացքում մարզի սոցիալ-տնտեսական վիճակի ներկայացման ժամանակ հենց վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով:









































