ԱՄՆ ծովափնյա պարեկությունը Ալյասկա ծովածոցում գնդակոծել է ճապոնական «Ռեուն Մարու» (Ryou-Un Maru) ձկնորսական նավը 25 միլիմետրանոց հրանոթից` մտադրություն ունենալով այն ջրասույզ անել: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, հայտնում է Associated Press գործակալությունը:
50 մետրանոց ձկնորսական նավը կայանած է եղել ճապոնական Հոկայդո կղզում և պետք է ուղևորվեր վերանորոգման, սակայն 2011 թ. մարտին ցունամին այն քշել էր ծով:
Ավելի վաղ կանադական ձկնորսական «Բերնիս-Սի» նավը փորձել էր զբաղվել «Ռեուն Մարուի» փրկությամբ ու դրա դիմաց գումար ստանալ, սակայն պլանը ձախողվել էր: Նավի «փրկությամբ» հետաքրքրվողներ էին հայտնվել նաև հետագայում:
Նավը ԱՄՆ-ի ջրային սահմանը հատել էր ապրիլի սկզբին ու շարժվում էր ժամում 1 մղոն արագությամբ:
Իշխանությունները որոշել էին ջրասույզ անել նավը, որպեսզի այն չխանգարեր նավիգացիային և ափ չշպրտվեր:
Ենթադրվում է, որ այն բանից հետո, երբ նավը գնդակոծվել է, ջրասույզ կլինի մոտ մեկ ժամ անց:
Բոլոր նավերին ցուցում է տրվել հեռու մնալ ճապոնական նավի ջրասուզման վայրից:







































