Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստ է 790 միլիոն եվրո ներդնել «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման համար: Այս մասին հայտնում են Ուկրաինայի էներգետիկայի նախարարության գազային ու նավթային արդյունաբերության դեպարտամենտում եղած աղբյուրները:
«Անդրկասպյան» գազատարը, Nabucco-ի հետ միասին, ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի մրցակիցն է: «Անդրկասպյան» գազատարի նախագիծը գնահատվում է 7.9 միլիարդ եվրո, որի մոտ 10 տոկոսը պատրաստ է ֆինանսավորել ուկրաինական կողմը:
Սակայն դա անելու համար անհրաժեշտ է, որ այդ գազատարը միացվի Փոթիի մոտ գտնվող Կուլևիի տերմինալին, որի սեփականատերն Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունն (SOCAR) է: Այստեղից գազը կհասնի Ուկրաինա՝ «Յուժնի» նավահանգստում պլանավորված նավահանգստի տերմինալ:
«Անդրկասպյան» գազատարը մեկնարկելու է Թուրքմենստանից և Կասպիցի հատակով հասնելու է Ադրբեջան, ապա նաև Վրաստան՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Այս գազատարից գազը տեղափոխվելու է Nabucco-ի խողովակաշար, որը Միջին Ասիայի երկրները Թուրքիայի տարածքով կապելու է Ավստրիայի հետ: Nabucco-ի նախնական հզորությունը կազմելու է տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր, իսկ «Անդրկասպյան» գազատարինը՝ 30 միլիարդ խորանարդ մետր:
Հիշեցնենք, որ երեկ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հերքել էր մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության են եկել «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման շուրջ՝ ընդգծելով, որ «Անդրկասպյան» գազատարի նախագիծը ԵՄ-ի ու Թուրքմենստանի նախաձեռնությունն է, իսկ Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է այդ նախագծում հանդես գալ տարանցիկ երկրի դերում:
2011 թվականի սեպտեմբերի 7-ին ԵՄ-ն Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրեց «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ բանակցություններ վարելու համար:








































