Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը նիստը սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքի ամփոփումով։
«Քանի որ հարկային եկամուտների խնդիրը 2011 թվականին բուռն քննարկման առարկա էր, և մտահոգություն կար բյուջեի կատարման հետ կապված` ուզում եմ ձեզ ներկայացնել առաջին եռամսյակի արդյունքները», – ասել է վարչապետը։ Մենք հարկային և մաքսային հավաքագրման, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարել և նույնիսկ գերակատարել ենք։
Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։
Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և համոզված եմ, որ այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանենք։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն իսկ հաստատել ենք, համաձայնության ենք եկել Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։
Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ Այդ քննարկումը նույնպես կսկսենք, որպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեք տարիների մեր ծախսերը»,-նշել է վարչապետը:











































