Երեկ երեկոյան Եգիպտոսի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է երկրի նախկին փոխնախագահ և Ընդհանուր հետախուզության նախկին պետ Օմար Սուլեյմանը: Գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ նա ներողություն է խնդրում իր աջակիցներից, որ չի կարող ընդառաջել նրանց կոչերին և առաջադրել իր թեկնածությունը սպասվող նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:
«Մինչև երեկ ես փորձում էի հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, լուծել բոլոր կազմակերպչական և նյութական հարցերը, որոնք կապված են թեկնածության առաջադրման հետ: Սակայն գոյություն ունեն հանգամանքներ, որոնք ինձ թույլ չեն տվել արձագանքել իմ կողմնակիցների կոչերին»,- ասել է Սուլեյմանը:
Հիշեցնենք, որ Սուլեյմանը տարիներ շարունակ համարվել է Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի ամենահավանական հետնորդներից մեկը:
Անցած տարվա հունվար-փետրվար ամիսների հեղափոխության ժամանակ Սուլեյմանը նշանակվեց երկրի փոխնախագահ, ինչը որոշ փորձագետների կողմից դիտարկվում էր որպես իշխանությունը փոխանցելու փորձ: Սակայն Մուբարաքի հրաժարականից հետո Սուլեյմանը անհետացավ քաղաքական ասպարեզից, իսկ երեկ հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին:











































