ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրն ընդունել է հայտարարության տեքստ, որով պահանջել է դադարեցնել բռնությունները Մալիի հյուսիսում:
Հայտարարությունը, որ ի տարբերություն որոշման՝ պարտադիր բնույթ չի կրում, առաջարկվել է Ֆրանսիայի կողմից, և այն հաստատել են ՄԱԿ ԱԽ–ի բոլոր 15 անդամները:
Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել՝ կապված Մալիում ««Ալ-Կաիդա»–ն իսլամական Մահրեբի երկրներում» խմբավորման ահաբեկիչների առկայության հետ:
ՄԱԿ ԱԽ–ն նաև հավանության է արժանացրել Արևմտյան Աֆրիկայի տնտեսական ընկերակցության երկրների որոշումը, որով մի շարք պատժամիջոցներ են սահմանվել Մալիի դեմ` կապված ռազմական հեղաշրջման հետ:
Հատկապես խոսքն առևտրական և դիվանագիտական հարաբերությունների դադարեցման, սահմանների փակման, ինչպես նաև տարածաշրջանային բանկում բոլոր մալիական հաշիվների սառեցման մասին է:
Հիշեցնենք, որ Մալիում զիված բախումներ են ընթանում իշխանությունների և տուարեգների ցեղերի միջև: Վերջիններս պայքարում են անկախություն ձեռք բերելու համար: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, տուարեգների պաշտպանությամբ հանդես է եկել «Ալ-Կաիդա»–ն իսլամական Մահրեբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը:
Երկրում մարտի 22-ին տեղի էր ունեցել զինված հեղաշրջում: Օգտվելով այս առիթից՝ տուարեգների գրոհայինները գրավել են մի շարք քաղաքներ, որտեղ հիմա մարտեր են ընթանում:











































