Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում ԱՊՕԷԼ-ի հետ կայանալիք հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ արդեն մտածում է կիսաեզրափակիչ փուլի մասին, սակայն միաժամանակ նշել է՝ իր սաները չպետք է թուլանան:
«Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում հաջողության հասնելն առաջնային է «Ռեալ»-ի համար: Ուզում եմ, որ իմ թիմը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրի և հաղթանակ տանի:
Ես թշնամիների առկայության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ, որ պետք է թշնամիներ ունենալ՝ ուժերի առավելագույն լարումով հանդես գալու և երբեք չթուլանալու համար»,- հայտարարել է Մոուրինյոն:
Պորտուգալացի մասնագետը խոսել է նաև իր ապագայի մասին՝ նշելով, որ «արքայական ակումբ»-ի հետ կնքած իր պայմանագրի ժամկետը լրանում է երկու տարուց, և նա երբևէ չի հայտարարել թիմը լքելու մասին:
«Ֆուտբոլում ես երեք նպատակ եմ հետապնդում. ցանկանում եմ դառնալ առաջին մարզիչը, ով երեք տարբեր թիմերի հետ դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաղթող, ով հաղթանակներ է տոնել երեք ամենահեղինակավոր ազգային առաջնություններում, ինչպես նաև մի քանի տարուց գլխավորել Պորտուգալիայի ընտրանին ու որևէ կարևոր տիտղոս նվաճել երկրի համար»,- հավելել է Մոուրինյոն:








































