ԱՄՆ իշխնաությունները 10 մլն դոլար պարգև են խոստացել այն տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել պակիստանյան իսլամիստական շարժումներից մեկի՝ «Լաշքար-ի-Թայբա»-ի հիմնադիրներից Հաֆիզ Մոհամմադ Սայիդին: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է «Պարգևներ՝ հանուն արդարադատության» կառավարական կայքում:
Խմբավորման առաջնորդի տեղակալ Հաֆիզ Աբդուլ Ռահման Մաքքիի համար սահմանվել է 2 մլն դոլար գլխագին:
«Լաշքար-ի-Թայբա» խմբավորումը կասկածվում է 2008 թ. Մումբայում իրականցված ահաբեկչությունների մեջ: Այդ ժամանակ ահաբեկիչների հարձակումներին զոհ գնաց 166 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ 6 քաղաքացի:
Մումբայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Սայիդը Պակիստանում տնային կալանքի ենթարկվեց, սակայն այստեղ դատարանը նրան մեղավոր չճանաչեց: Հնդկաստանն այժմ փորձում է Ինտերպոլի միջոցով հասնել Սայիդի ձերբակալմանը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սայիդը և Մաքքին այժմ բացահայտ գործում են Պակիստանում:
«Լաշքար-ի-Թայբան» 2001 թ. ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: Այն փորձում է հասել Հնդկաստանից Քաշմիրի հնդկական հատվածի առանձնացմանը: «Լաշքար-ի-Թայբան» կազմավորվել է 1990-ական թթ. սկզբին, ամենայն հավանականությամբ՝ պակիստանյան հետախուզության աջակցությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն մինչ այժմ վայելում է պակիստանյան հետախուզության աջակցությունը:









































