iPhone –ի շնորհիվ Չինաստանում փրկարարներին հաջողվել է փրկել 2 տարեկան երեխայի կյանքը: Սարքն օգնել է փրկարարներին 12 մետր խորությամբ ջրհորից փոքրիկին դուրս բերելու աշխատանքների ժամանակ: Երեխան այնտեղ էր հայտնվել միանգամայն պատահաբար:
Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph-ը, դեպքը տեղի է ունեցել Յուննան նահանգի գյուղերից մեկում: Դեպքի վայր մեկնած փրկարարները փորձել են երեխայի մեջքին գոտիներ ամրացնել, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի ստացվել:
Այդ ժամանակ փրկարարները որոշել են ջրհոր իջեցնել iPhone, որի տեսախցիկի միջոցով նրանք կարողացել են գոտիների ամրացման ընթացքում էկրանի վրա խոշոր պլանով տեսնել տղային: Փրկարարների հնարամտության շնորհիվ երեխան անվտանգ դուրս է բերվել այնտեղից:







































