Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պետդումայում կազմավորվել է խումբ՝ Ալեքսանդր Ժուկովի գլխավորությամբ, որը կմշակի և կներկայացնի նոր օրենքի նախագիծ պայմանավորված հանդիպումների դեմ:
Օրենքը կընդունվի ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև բասկետբոլում, հոկեյում և այլ մարզաձևերում պայմանավորված հանդիպումները կանխելու համար: Այդ օրինագծի մշակման ընթացքում Պետդումայի խմբին կօգնեն ներքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, դատախազության, Ռուսաստանի ֆուտբոլի միության և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի համապատասխան մարմինները:
«Մենք ցանկանում ենք օրինագծով ամրագրել, որ անազատության կենթարկվեն այն մարդիկ, ովքեր կմեղադրվեն պայմանավորված խաղերի կազմակերպման կամ խթանման մեջ: Կարծում եմ, որ միայն այդ դեպքում մարդիկ չեն ցանկանա զբաղվել այդ չարիքով», – ասել է Պետդումայի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով խմբի ղեկավար Իգոր Անանսկին:










































