Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ 2011 թվականը շատ ինտենսիվ տարի է եղել ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում.
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը հետագայում նույնպես շարունակվելու է զարգանալ: ԵՄ-ը պետք է աշխատի դրանում ընդգրկված երկրների հասարակական բոլոր շերտերի հետ և ոչ թե միայն կառավարությունների ու խորհրդարանների հետ: ԵՄ-ը ձգտում է նոր առևտրային հարաբերություններ ունենալ այդ երկրների հետ:
Ադրբեջանը տարածաշրջանում ունի ամենաուժեղ տնտեսությունը և անկասկած կշահի այդ իրադարձություններից ապագայում (ազատ առևտրային գոտու ձևավորում և անցագրային ռեժիմի դյուրացում ու վերացում): ԵՄ-ի հետ Ադրբեջանի ամուր հարաբերությունները սկսվել են 1990-ական թվականներից: 2011 թվականին Ադրբեջանին հատկացված մեր օգնությունը 65 տոկոսով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը:
Մենք ստեղծել ենք ապագա «Արևելյան գործընկերության» երեք ուղղություն.
1) Մենք աշխատում ենք «ճանապարհային քարտեզի» վրա՝ ծրագրի հետագա իրագործման համար: Մենք պետք է արտացոլենք «ավելի շատ ֆինանսավորում՝ ավելի շատ բարեփոխումների համար» ( more for more) հայեցակարգը և այդ երկրների հետ համաձայնեցնենք բարեփոխումների նպատակը:
2) Մենք շարունակելու ենք զարգացնել մեր երկկողմանի համագործակցությունը, և ես ուրախ եմ տվյալ հարցում Ադրբեջանի գրանցած աճի կապակցությամբ:
3) Սա, հավանաբար, ամենաբարդ ասպեկտն է՝ հակամարտությունների կարգավորման հարցում սեփական դերակատարության ամրագրումը: Մեր արևելյան 6 գործընկերներից 4-ն ունեն չլուծված հակամարտություններ, որոնք ազդում են ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու վրա:
ԵՄ-ն աշխատանքներ է տանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրագրման ուղղությամբ և նշանակել է իր հատուկ ներկայացուցչին (Ֆիլիպ Լեֆոր), որպեսզի օգնի գոյություն ունեցող միջնորդական գործընթացներին: Շատերը Ղարաբաղյան հակամարտությունն անվանում են սառեցված, սակայն այն իսկապես անհանգստացնում է մեզ:
Մենք ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում ենք որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափ: Մինսկի խումբը շատ ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ և կարևոր դեր է խաղացել հակամարտության էսկալացիայից խուսափելու համար: Այժմ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջ շարժվեն խաղաղության համաձայնագրի հասնելու համար:
Երկու կողմն էլ պետք է հասկանան, որ իրավիճակի բարդությունը պահանջում է զիջումներ ու փոխզիջումներ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո ԵՄ-ը պատրաստ է օգնել կողմերին փոխադարձ վստահության վերականգման հարցում: Խաղաղությունը բարգավաճում կպարգևի այդ երկրներին և ընդհանրապես տարածաշրջանին»։








































