Ապրիլի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախարար Երիցյանը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնին հանձնարարել է ակտիվացնել կապերը տարբեր երկրների համանման կառույցների հետ, մասնավորապես ամենօրյա կապ պահպանել և տեղեկատվություն փոխանակել ԱՊՀ երկրների ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ։
Նախարարին զեկուցվել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել 35 հակակարկտային կայան, որոնցից 9-ը կլինեն շարժական կայաններ` տեղակայված Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում։ Այսօր Հայաստանի չորս մարզերում գործում է 119 հակակարկտային կայան։ Կարկտի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ԱԻՆ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում ակտիվորեն ուսումնասիրվում են այլ երկրներում կիրառվող հակակարկտային պայքարի մեթոդները, այդ թվում` Ռուսաստանում գործածվող իոնային համակարգը և Ֆրանսիայում որդեգրած ռեագենտային մեթոդը։
Նախարար Երիցյանը նշել է, որ այսօր նախարարությունը ևս մեկ քայլ է անում հակակարկտային ծառայությունը բարելավելու ճանապարհին. – Հակակարկտային ծառայության բարելավման հարցը մշտապես գտնվում է Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռք է բերել և այսօր հակակարկտային ծառայությանն է հանձնում երկու ամբողջովին նոր հատուկ ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են հակակարկտային կայանների գազաբալոնների լիցքավորման համար։
Խորհրդակցությունից հետո նախարարության շարահրապարակում ԱԻ նախարարին և ղեկավար կազմին ներկայացվել են նոր ավտոմեքենաները և դրանց տեխնիկական հնարավորությունները։
Ավտոմեքենաներից մեկը նախատեսված է կայանների գազաբալոնների տեղում լիցքավորման, մյուսը` բալոնների տեղափոխման համար։ Նոր ձեռք բերված մեքենաներն ամբողջությամբ կապահովեն այսօր հանրապետությունում գործող 119 հակակարկտային կայանների լիցքավորումը։








































