Քուվեյթում ՀՀ դեսպանության և քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում ս.թ.մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի է այցելել Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Եկեղեցու բակում մեկնարկել է շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Քուվեյթի և Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ոլորտներում:
Այնուհետեւ տեղի է ունեցել հայ և քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը:
Արարողությունից հետո կայացած կարճատև զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսել է Քուվեյթի կառուցման և բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի և նշանակության մասին: Նա բարձր է գնահատել հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:
Նույն օրը երեկոյան շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվել է ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:
Ելույթով հանդես է եկել նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական և աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասաց, որ հետևողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի և Քուվեյթի միջև միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:
Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ և տեղական լրատվամիջոցներում:










































