Այսօր ժամը 13-ին Մաշտոցի պուրակի ավագ «պաշտպանների» հետ ապամոնտաժմանը կհետևեն նաև երիտասարդ «պաշտպաններ»-ը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը`խոսելով այսօր կայանալիք ապամոնտաժման մասին:
Նա խոսքով` քանի որ ավագ սերունդը քաղաքացիական դատարանի որոշումն է իրագործելու, այն դատարանի, որի մասնակիցն իրենք են եղել, լինելու են տեղում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է իրականացվելու վճիռը: Նա նշեց, որ իրենք աջակցում են ավագ սերնդին, քանի որ ողջունում են, որ հասարակության մեջ անկախ խմբեր են ինքնակազմակերպվում հանրային տարածքի սեփականության հարցերը լուծելու համար: «Մենք կլինենք տարբերանշաններով ամենայն հավանականությամբ, իսկ իրենք` իրենց հագուստներով, գործիքներով: Այնտեղ կլինենք, որ նաև ապահովենք հասարակական կարգը, որ ամեն ինչ խաղաղ պայքարի շրջանակներում լինի»,- մեկնաբանեց Ռ. Գրիգորյանը`հավելելով, որ եթե վաղն ապամոնտաժումը տեղի չունենա, խումբը պատրաստ կլինի նաև այն քայլին, որ շարունակի մնալ Մաշտոցի պուրակում: Նրա խոսքով` եթե նույնիսկ ոստիկանությունը մեծ ռեսուրս օգտագործի, իրենց ակցիան շարունակելու են: Բնապահպանական ակտիվիստը համոզված է, որ այնտեղ ոստիկաններ կլինեն, որովհետև փորձը ցույց է տալիս, եթե մի վրանի համար այդքան ոստիկան հավաքվեց, ապա այս դեպքում ևս կհավաքվեն և կխոչընդոտեն ապամոնտաժմանը:
Մաշտոցի պուրակի երիտասարդ պաշտպաններն արդեն տեղեկացված են, թե ինչ է նախատեսվում իրականացնել, ուստի բոլորը ներկա են լինելու: «Մենք բոլորին կոչ ենք անում՝ ժամը 13.00-ին միանալ ակտիվ քաղաքացիական հասարակությանը և օգնել հանրությանը վերադարձնել հանրային սեփականությունը»,- կոչով դիմեց հասարակությանն ակտիվիստը:
Հիշեցնենք, որ հայտնի հասարակական, քաղաքագիտական գործիչներից կազմված խումբը հայտարարություն է տարածել, որ այսօր՝ ժամը 13.00-ին ապամոնտաժելու է Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները:









































