Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումը տեղի է ունենալու այն նպատակով, որ միջազգային հանրությունը գնահատի Դամասկոսի կողմից Քոֆի Անանի ծրագրի իրականացումը, շփոթմունք է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Հարկ է հիշեցնել, որ վեց կետից բաղկացած առաջարկությունը, որը ստացել է «Քոֆի Անանի նախագիծ» անվանումը, միանշանակորեն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից: Դրա հետ մեկտեղ հստակ գրանցվել է, որ հատուկ ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ին պարբերաբար կտեղեկացնի իր առաքելության ընթացքի մասին»,- հիշեցրել է Լուկաշևիչը:
«Հրապարակայնորեն նման հայտարարություն անելն, այն էլ մի երկրի մայրաքաղաքից, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է, առաջ է բերում անհանգստություն և շփոթմունք»,- եզրափակել է Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանը չի մասնակցելու «Սիրիայի բարեկամներ» խմբի ապրիլի 1–ին կայանալիք հանդիպմանը, որը տեղի է ունենալու Ստամբուլում: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին՝ Թունիսում` առանց Ռուսաստանի մասնակցության:










































