Ինչպես հաղորդում է BBC New-ը, Իսպանիայում այսօր` մարտի 29-ին, սկսվել է համընդհանուր գործադուլ:
Բողոքի խոշոր ակցիայի հետ ստիպված է եղել բախվել Իսպանիայի ներկա կառավարությունը` ղեկավար, պահպանողական Մարիանո Ռոխայի գլխավորությամբ, որն աշխատանքի է անցել 2011թ. դեկտեմբերին:
Իսպանիայում նախորդ համընդհանուր գործադուլը տեղի էր ունեցել 2010թ. սեպտեմբերին:
Գործադուլի կազմակերպիչներն են երկրի երկու խոշորագույն արհիմությունները: Աշխատողները բողոքում են նոր օրենքի ընդունման դեմ, որը գործատուներին հնարավորություն է տալիս սեփական աշխատակիցներին առանց դժվարության ազատել աշխատանքից:
Մասնավորապես՝ ներկայում կրճատվում է այն դրամական փոխհատուցումը, որ տրվում էր աշխատանքից ազատվող աշխատակցին:
Իսպանիայի արհմիությունները դժգոհ են նաև կառավարության որդեգրած`տնտեսության խիստ կանոններից: Վարչապետը, սակայն, հույս ունի այդ քայլով կրճատել երկրում գործազրկության բարձր մակարդակը:
Ենթադրվում է, որ գործադուլի հետևանքով կդժվարանա վերգետնյա տրանսպորտի աշխատանքը:
Iberia, Air Nostrum և Vueling ավիաընկերությունները հետաձգել են 200 չվերթներ:
CNN-ի փոխանցմամբ՝ երկրում, օրվա երկրորդ կեսին, տեղի կունենա նվազագույնը 80 բողոքի ցույց:









































