Անցյալ տարվա օգոստոսին Լոնդոնում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար ձերբակալված բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը՝ Լորա Ջոնսոնը, պարզաբանել է, որ այդ ժամանակ իր գործողությունները պայմանավորված են եղել դեպրեսիայով, գրում է բրիտանական The Telegraph թերթը:
Աղջիկը պատմել է, որ 2011թ. հուլիսի 14-ին երկու տղամարդ իրեն բռնաբարել են, իսկ մինչ այդ նա բաժանվել էր ընկերոջից: Աղջկա խոսքերով՝ դա վերջնականապես ազդել է իր հոգեկան աշխարհի վրա: Դատարանում նա խոստովանել է, որ 6 անգամ փորձել ինքնասպան լինել՝ դեղահաբեր ընդունելով:
Հենց այդ շրջանում ծանոթացել է նոր ընկերոջ՝ 20-ամյա Էմանուել Օքյուբոթի հետ՝ T-Man մականունով: Աղջիկը նրան պատմել է ինչ է իր հետ պատահել և իր խոսքերով՝ նրա դեմքին կարեկցանք է տեսել, որի կարիքը շատ ուներ: «Ես շատ էի վստահում նրան, նա փոխարինում էր իմ նախկին ընկերոջը»,- պատմել է աղջիկը:
Այնուհետև, ըստ նրա պատումի, օգոստոսի 8-ին, երբ սկսվել են անակարգությունները, Էմանուելն իրեն սպառնալիքներով ստիպել է գնալ այդ թաղամաս:
Արդյունքում ոստիկաններն աղջկա մեքենայի մեջ հայտնաբերել են խանութից գողացված 5000 ֆունտ արժողությամբ կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույցներ, միկրոալիքային վառարաններ, բջջային հեռախոսներ:









































