Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքուն և Աշխաբադը պայմանավորվել են Անդրկասպյան գազատարի կառուցման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ին (DW) հայտնել է Թուրքմենստանի կառավարությունում եղած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Անդրկասպյան գազատարի շուրջ Թուրքմենստանին ու Ադրբեջանին հաջողվել է հասնել սկզբունքային պայմանավորվածության: Նա հավելել է, որ ցայժմ այդ խնդրի չկարգավորման գլխավոր պատճառը Կասպիցի իրավական կարգավիճակի շուրջ տիրող անորոշությունն է, ինչից էլ օգտվում է Ռուսաստանը՝ ԵՄ-ի, Աշխաբադի ու Բաքվի պլանները խափանելու համար:
Աղբյուրի կարծիքով՝ ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշումներ բանեցնի Մոսկվայի վրա, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի Անդրկասպյան գազատարի նախագծի իրագործմանը խոչընդոտելուց:
Մարտի 13-14-ը Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության նախարար Բայրամգելդի Նեդիրովը Բեռլինում տեղի ունեցած էներգետիկ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ պլանավորված է մինչև 2030 թվականը Թուրքմենստանում գազի արդյունահանումը հասցնել մինչև 230 միլիարդ խորանարդ մետրի, որոնցից 180 միլիարդ խորանարդ մետրն արտահանվելու է:
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին ԵՄ-ը Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրեց «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ բանակցություններ վարելու համար:









































