ԱՄՆ Սենատում հայկական բանաձևերը ավարտվում են ռեալ պոլիտիկի համատեքստը հաշվի առնելով: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը`խոսելով ԱՄՆ Սենատում ներկայացված նոր բանաձևի շուրջ: Նա չհամաձայնեց շրջանառվող այն տեսակետներին, թե բանաձևի ներկայացումը կապված է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ:
Նա նշեց, որ նախագծի նախաձեռնողները շատ հայտնի սենատորներ Մենեդեսն ու Քըրքն են: Ըստ նրա` մեկը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, մյուսը՝ հանրապետական: «Այսինքն` տարբեր կուսակցություններից են հանդես գալիս, որը ցույց է տալիս, որ դա այդքան էլ նախընտրական քարոզչություն չէ, այլապես նախաձեռնողները կլինեին մեկ խմբավորումից: Ես սա կապում եմ պարզապես ամեն տարվա ապրիլքսանչորսյան գործընթացների հետ, որոնց մենք ականատես ենք լինում ամեն տարի: Սա արդեն դեժավյուի նման բան է, ներկայացվում է բանաձև, որը դրվում է քննարկման: Հայկական բանաձևերը արդեն հետևողական գործընթաց են ԱՄՆ համար: Այլ բան է, որ ամերիկյան քաղաքականությունը քաղաքական բանաձևերն օգտագործում է ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, այսինքն` բուն սենատորների ազնիվ մղումը և համամարդկային արժեքներին հավատարմությունը ընտրական գործընթացների հետ այդքան էլ չեմ կապում»,- մեկնաբանեց Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին ընդառաջ Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու Իլինոյսը ներկայացնող հանրապետական Մարկ Քըրքը երեկ պաշտոնապես Միացյալ Նահանգների Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով նոր բանաձևի նախագիծը, և արդեն յոթ սենատոր միացել է նախագծին, իսկ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Չարլզ Շումերը համաձայնել է դառնալ օրինագծի հովանավորներից մեկը:








































