Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակությունը որոշում է կայացրել մասնակցել կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի սկզբին Բաքվում կայանալիք երկրորդ լիագումար նիստին։
Պատվիրակության անդամ, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հայ խորհրդարանականները Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնելու ապրիլի 1-ին։
Սահակյանի պարզաբանմամբ, նման որոշումը կայացվել է` ցույց տալու համար, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է համագործակցության։ Բացի այդ, ընդգծեց նա, մասնակցությունը նաև թույլ կտա կանխել Հայաստանի համար բացասական փաստաթղթերի հնարավոր ընդունումը։
Հայկական 10-հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նրա հետ միասին Բաքու կմեկնեն հանրապետականներ Հովհաննես Սահակյանը և Արտակ Զաքարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արամ Սաֆարյանը, Դաշնակցություն խմբակցությունից Արա Նռանյանը և Լիլիթ Գալստյանը, այլ խորհրդարանականներ։









































