Մեծ Բրիտանիան Աֆղանստանի ռազմական գործողություններում կտնտեսի 2.4 մլրդ ֆունտ (3.8 մլրդ դոլար): Այս մասին, ինչպես հաղորդում է Defense News-ը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը: Վերջինիս խոսքերով այս պահին Աֆղանստանում բրիտանական զորքերը պահվում են պահուստային ֆոնդից:
Նախարարը նաև նշել է, որ 2014թ. հետո Մեծ Բրիտանիան կծախսի մոտ 100 մլն ֆունտ սթեռլինգ Աֆղանստանից վերադարձած զինվորականների բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ: Ընդ որում, մինչև 2014թ. այս պահին Աֆղանստանում ծառայության մեջ գտնվող զինվորների ընտանիքներին տրվող նպաստները կկրկնապատկվեն: Կոնկրետ թիվ, սակայն, Օսբորնը չի նշել:
Այս պահին Աֆղանստանում է գտնվում բրիտանացի 9500 զինծառայող: Բրիտանական ռազմական կոնտինգենտը թվով երկրորդն է ԱՄՆ-ից հետո: 2014թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններն Աֆղանստանում կավարտվեն: 2012թ. Բրիտանիան սկսել է նվազեցնել իր զինծառայողների թիվը, ինչը կշարունակվի նաև 2013թ.:









































