Հունվարի 15-ին և 16-ին կայացան Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները: Առաջին խաղային օրվա հանդիպումներից կարելի է առանձնացնել «Էսպանյոլ»-ի արտագնա հաղթանակը «Սևիլիա»-ի նկատմամբ: Այդ խաղում կատալոնացիներն ապացուցեցին, որ արժանի են մրցաշարային աղյուսակում նման բարձր տեղ զբաղեցնելուն: Առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ հաշիվը բացեց Կալեխոնը: Հանդիպման 78-րդ րոպեին նույն Կալեխոնը կրկնապատկեց այն, այնուհետև «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներն ուժեղացրին ճնշումը Կամենիի դարպասին, բայց այդ երեկո կամերունցին անկասելի էր թվում, միայն մրցավարի ավելացրած ժամանակում Նեգրեդոյին հաջողվեց տխրեցնել աֆրիկայի լավագույն դարպասապահին: «Սևիլիա»-«Էսպանյոլ»` 1:2: Նույն օրը «Վիլյառեալ»-ը 4:2 հաշվով պարտության մատնեց «Օսասունա»-ին և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Դե, իսկ կարևորագույն հանդիպումները կայացան երեկ. սկզբում «Վալենսիա»-ն «Մեստալիա»-ում 2:0 հաշվով պարտության մատնեց «Դեպորտիվո»-ին: Այնուհետև սկսվեց «Ալմերիա»-«Ռեալ» խաղը: Հանդիպումից առաջ բոլորը վստահ էին, որ «արքայական» ակումբը հերթական հեշտ հաղթանակը կտանի առաջնության բացահայտ ետնապահի նկատմամբ, բայց դրա հետ համաձայն չէին Խոսե Լուիս Օլտրան ու իր սաները, ովքեր այս մրցաշրջանում իրենց լավագույն խաղը ցուցադրեցին: Ամբողջ առաջին խաղակեսում Մոուրինյոյի սաներն ընդամենը մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեցին, այն էլ չկարողացան տրամաբանական ավարտին հասցնել: Հանդիպման 60-րդ րոպեին հաշիվը բացեց «Ալմերիա»-ի հարձակվող Ուլլոան, որը մոտավորապես 10 մետրից գնդակն ուղարկեց Կասիլիասի դարպասի աջ անկյունը: Ընդունած գոլից հետո Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Բենզեմային ու Գրաներոյին, և մադրիդցիներն ամբողջ ուժերը կենտրոնացրին հարձակման վրա: Շուտով պորտուգալացու փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը` 77-րդ րոպեին Բենզեմայի փոխանցումից հետո Գրաներոն հավասարեցրեց հաշիվը: Ռոնալդուին ու նրա թիմակիցներին իրական հնարավորություն տրվեց 3 միավոր կորզելու. մրցավարը 92-րդ րոպեին շատ նպաստավոր դիրքում տուգանային հարված նշանակեց, բայց պորտուգալացու հուժկու հարվածը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Ինչևէ, «Ռեալ»-ը չափազանց կարևոր երկու միավոր կորցրեց: Գրանցվեց Իսպանիայի առաջնության վերջին շրջանի մեծագույն սենսացիան` «Ալմերիա»-«Ռեալ»`1:1: Վերջին խաղում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ»-ում ընդունեց «Մալագա»-ին և հերթական հեշտ հաղթանակը տոնեց: Արդեն 36-րդ րոպեին հաշիվը 3:0 էր, մեկական անգամ աչքի էին ընկել Ինիեստան, Վիլլան ու Պեդրոն: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Մալագա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց մեկ գնդակ ուղարկել Վալդեսի դարպասը, իսկ 74-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Վիլլան: «Բարսելոնա»-ն անհասանելի է դառնում: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Խետաֆե»-«Ռեալ Սոսյեդադ»` 0:4, «Սպորտինգ»-«Էրկուլես»` 2:0, «Սարագոս»-«Լևանտե»` 1:0, «Ատլետիկ Բիլբաո»-«Ռասինգ»` 2:1։ «Ատլետիկո Մադրիդ»-«Մալյորկա» հանդիպումը կկայանա այսօր:










































